«Սկզբունք թիվ 4՝ բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով», - հայտարարել էր Հայաստանի վարչապետը:
«Փոխադարձության դեպքում Ադրբեջանում, տեսեք, ստեղ խնդիրը հետևյալն ա, որ Ադրբեջանի տարածքում ըստ էության էդ երկաթուղին կա, մեր տարածքում ա, որ բացակայում է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսի ժամանակ:
Հայաստանի վարչապետն այսպես կոչված միջանցքի հարցով իր իսկ հռչակած կարմիր գծից զիջում է արել. սա Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի գնահատականն է ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ Կառավարության ղեկավարի երեկվա հայտարարություններին:
«Հայաստանը հերթական անգամ իր սահմանած նշաձողը իջեցնում է: Դուք հիշում ե՞ք, որ վարչապետը հայտարարել էր, որ մենք պատրաստ ենք տրամադրել ճանապարհ այնպես, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունն է տրամադրել Ադրբեջանին Նախիջևանի հետ կապվելու համար: Սա եղել է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված ձևակերպում, գիծ կարմիր, որ դրանից դուրս մենք այլ տարբերակների չենք գնում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մարուքյանը:
Ըստ նրա՝ այս զիջումը վարչապետ Փաշինյանն անում է, որպեսզի Ադրբեջանը միջանցք ստանալու իր պահանջի բավարարմանը հասնելուց հետո ստորագրի խաղաղության պայմանագիրը: Փաստաթուղթը չորս ամիս առաջ է համաձայնեցվել, սակայն ստորագրման շուրջ ոչ մի հստակություն չկա:
«Էդ թուղթը ինչի համար ա՝ որ մեր իշխանությունները գնա ընտրությունների, նորից կարողանա վերընտրվել», - պնդեց Մարուքյանը:
Վարչապետը երեկվա ասուլիսում հաստատեց՝ ապաշրջափակման վերաբերյալ Միացյալ Նահանգների առաջարկներն այժմ բանակցային սեղանին են, հենց դրանց շուրջ էլ ակտիվ քննարկումներ են ընթանում: Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության սկզբունքները պահպանվելու են, իսկ փոխադարձության մասին միայն ասաց՝ հարցը քննարկում են այդ տրամաբանությամբ: Փաշինյանը նաև ներկայացրեց այն տեխնոլոգիական լուծումները, որոնք թույլ կտան հայկական տարածքով անցնող ադրբեջանցիներին խուսափել մարդկային շփումներից. - «Տեղի ա ունենում բանի կոնտակտ, ուրեմն բիոմետրիկի, կենսաչափական անձնագրերի դեպքում անձնագրով մարդը առնչվում ա, այ երբ որ կարմիր լույս ա վառում, էդ ժամանակ արդեն որոշակի գործառույթներ կան, և էդ էլ պետք ա ճշգրտվի, թե էդ ամեն ինչը ոնց ա արվում»:
Հայաստանի ղեկավարը, սակայն, ոչ մի խոսք չասաց այն մասին, թե հայաստանցիների անցումն Ադրբեջանով ինչպես է կազմակերպվելու, փոխարենը դարձյալ հիշեցրեց՝ ադրբեջանցիների անցումն ապահովելու համար նաև պարզեցումների են պատրաստ:
Հայաստանցիների համար ևս վարչապետն ասելիք ուներ. զգուշացրեց՝ առաջիկայում գուցե անծանոթ բառեր հնչեն, օրինակ՝ արտապատվիրակում լիզինգ, կառուցապատում, միևնույն է հորդորեց հիշել՝ ցանկացած քննարկման հիմքում ինքնիշխանությունն է: Իսկ միջանցք բառը, ասաց, ներհայաստանյան քննարկումներում թեև ալերգիկ է, բայց միջազգային հանրությունն այն կիրառում է. - «Հյուսիս-հարավ ճանապարհը գիտե՞ք ոնց ա կոչվում, պաշտոնական անունը՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք»:
«Դրվում է թեզ, որ այլևս դրան կոչեն միջանցք, ինչ կոչեն՝ կամաց սկսեք մարսել էդ թեման, որ ձեր ինքնիշխան տարածքը ոչ մի բանի դիմաց, պնդում եմ՝ ոչ մի բանի դիմաց տրամադրվելու է երրորդ կողմերին օգտագործման համար: Էդ երրորդ կողմերը, բնականաբար, Ադրբեջանը և Թուրքիան են», - հակադարձեց Էդմոն Մարուքյանը:
Վարչապետը երեկ նաև ներկայացրեց այն ճանապարհային քարտեզը, որով առաջ են շարժվելու: Ասաց՝ քննարկում են ընկերության ստեղծում, ենթադրաբար՝ նկատի ուներ ամերիկյան կողմի հետ, որը ներդումներ կներգրավվի ենթակառուցվածքների ստեղծման համար: Բայց եթե երեկ Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա հնարավոր ներդրումները չէր հակադրում Հայաստանի ինքնիշխանությունը զիջելուն, մոտ չորս տարի առաջ վարչապետի պատկերացումը ճիշտ հակառակն էր:
Սյունիքի ճանապարհի շուրջ քննարկումների ֆոնին ընդդիմադիրները մեկ այլ խնդիր են բարձրաձայնում՝ ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունն այժմ քննարկում ոչ թե տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման, այլ միայն Ադրբեջանի պահանջած ճանապարհի հարցը:
«Սա ուղղակի աբսուրդ է, սա քննարկում չի ապաշրջափակման մասին, սա քննարկում չի Հայաստանի տնտեսական կարողությունների ընդլայնման մասին, սա խնդիր է հերթական անգամ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները բավարարելու: Եվ դրա համար, երբ դուք հարցը նեղացնում, բերում եք նրան, թե արդյոք կողմ եք ամերիկյան կազմակերպության վերահսկողություն, ինձ մոտ հարց է առաջանում՝ բա մենք ինչո՞ւ տարածաշրջանում ապաշրջափակման գործընթացից հասանք մի կետի, որտեղ քննարկվում է Մեղրիի ճանապարհի հարցը, և այն էլ, թե ում վերահսկողության տակ է այն գտնվելու», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Նիկոլ Փաշինյանն ասուլիսին անպատասխան թողեց հարցը՝ տարածաշրջանում բոլոր ճանապարհները միաժամանա՞կ են բացվելու, և արդյո՞ք բանակցությունները ընթանում են այդ տրամաբանությամբ: Մինչդեռ ամիսներ առաջ հրապարակած հոդվածում վարչապետը պնդում էր՝ Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է: Նույնը հայտարարում էր նաև անցած տարի.
«Էդ ապաշրջափակման արդյունքում նաև ընդգծված է, քանի որ էդտեղ կա առանձնահատկություն, երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին: Այսինքն, ճիշտ հասկացանք, չէ՞՝ թեման, որը կարգավորվում է, դա տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է: Ադրբեջանը էսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել, ոչ մի, ո՞ր ճանապարհն ա ապաշրջափակել էսօր Ադրբեջանը»:
Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ եթե իշխանությունն ապաշրջափակման հարցում գնա այն լուոծումներին, որոնք այժմ քննարկվում են, Հայաստանը կմնա շրջափակման մեջ, Ադրբեջանը՝ կստանա իր պահանջած ռեժիմով ճանապարհ:
«Եվ քննարկվում է Ադրբեջանի օրակարգը: Ի՛ր օրակարգերը՝ իր 150 հազար փախստականը ունեցած, իր բլոկադան, իր ռազմագերիները, Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս բերելը, Ադրբեջանի կողմից էն խոսույթները, որոնք շրջանառության մեջ են դրվում Հայաստանի տարածքի 60 տոկոսը չճանաչելը՝ էս բաները, մեր օրակարգերը բացարձակապես չեն քննարկվում, և մենք տեսնում նք, որ հերթական անգամ մենք մտել ենք մի բանակցային պրոցեսի մեջ, որի վերջում կորցնողն ու տուժողը էլի լինելու ենք մենք», - ընդգծեց Մարուքյանը:
Վարչապետի երեկվա ասածներից պարզ դարձավ՝ ապաշրջափակման հարցում ոչ ամերիկյան, ոչ որևէ այլ տարբերակի շուրջ դեռ համաձայնություն չկա, թե ինչու, չմանրամասնեց: